Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Լիկա Զաքարյան՝ Ստեփանակերտի ձայնը

Լիկա Զաքարյան՝ Ստեփանակերտի ձայնը
21.10.2020 | 10:42

«Ես ծնվել եմ պատերազմի վերջին …»: Լիկա Զաքարյանը լիովին հասկանում է այս արտահայտության տարօրինակությունը 3 շաբաթ հրետակոծվող Ստեփանակերտում: Նա ծնվել է Լեռնային Ղարաբաղում, 1994-ին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև 6-ամյա ավերիչ պատերազմից հետո, որն ավարտվեց զինադադարի համաձայնագրով: Մեծանալ այդ պայմաններում՝ նշանակում է ենթադրել, որ պատերազմը ամեն պահի կարող է վերադառնալ:

Լիկան այնքան էլ համաձայն չէ՝ նա չի ենթադրել, նա իմացել է, որ ապրում է ռազմական գոտում: 26-ամյա բլոգերը, որ քաղաքագիտություն է սովորել (զինված կոնֆլիկտների մասնագիտացումով), իսկ հետո լրագրող է դարձել, անակնկալի եկավ, ինչպես Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչները, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի հարձակումից: Չնայած սահմանային պարբերական բախումներին, ոչ ոք չէր սպասում, որ Բաքուն Թուրքիայի աջակցությամբ այս մասշտաբի ռազմական հարձակում կսկսի՝ գրավելու համար տարածքները, որ կորցրել է 1988-1994-ին: Երիտասարդներից ոչ ոք չէր սպասում, որ ստիպված են լինելու վերապրել՝ ինչ իրենց ծնողները՝ քաղաքների հրետակոծություններ և համընդհանուր զորահավաք: «Ինձ երկու օր պահանջվեց՝ հասկանալու, որ սա իսկական պատերազմ է»,-պատմում է Լիկա Զաքարյանը: Ստորգետնյա ապաստարաններում թաքնվելու ժամանակն է եկել: Բուժքույր մայրը շուրջօրյա աշխատանքի է անցել հիվանդանոցում: Եղբայրն ու սիրած տղան, ում հետ աշխատում էր Ստեփանակերտի CivilNet ալիքի նկարահանող խմբում, գնացել են ճակատ: Ամբողջ ընտանիքից Երևան են ուղարկել միայն անչափահաս քրոջը: Մյուսները մնացել են Լեռնային Ղարաբաղում և յուրաքանչյուրը յուրովի մասնակցում է պատերազմին: Մնալով առանց օպերատոր Լևոնի՝ Լիկան շարունակում է գրել հոդվածներ ու լուսանկարներ է անում CivilNet-ի համար: Նա սկսել է ռազմական օրագիր վարել՝ պատմում է իր ընտանիքի կյանքը ապաստարանում: CivilNet-ը վճռել է հրապարակել այդ պատմությունները: Սոցիալական ցանցերով տարածված օրագիրը անսպասելի ուշադրության է արժանացել: Թեպետ նրա պատմություններից ոչ մեկը չի թարգմանվել ու արտասահմանում չի հրապարակվել, նրան ամեն օր զանգահարում է աշխարհի մյուս ծայրից ինչ-որ ԶԼՄ-ի լրագրող: Սարաևոյից Զլատա Ֆիլիպովիչի ու Բաղդադից Սալամա Պակսայի նման՝ Լիկա Զաքարյանը դարձել է պատերազմի հետ բախված Ստեփանակերտի ձայնը: «Ես պատմում եմ մարդկանց մասին և նրանց կյանքի փոքր դրվագների, իմ կյանից մասին»՝ ժպտում է Լիկան: Դա կարող է լինել երկու ոսկե ձկնիկների փրկության պատմությունը, որ Լևոնին ծննդյան օրն էին նվիրել պատերազմից մեկ շաբաթ առաջ և մոռացվել էին գրասենյակում: Նրանց գտել են ակվարիումում անշարժացած, բայց հիմա վերակենդանացել են և նրանց հոգ են տանում ապաստարանում: Մյուս պատմությունը Հովիկի մասին է՝ սիրիահայի, որ կնոջ հետ բաց է պահում Ստեփանակերտի միակ սրճարանը: Ճակատագրի հեգնանքով՝ ամուսինները 8 տարի առաջ փախել են Ղարաբաղ պատերազմի մեջ հայտնված Հալեպից:


Լիկայի հեռախոսը զանգահարում է: «Ներեցեք, բայց եթե այս օրերին դուք զանգին չեք պատասխանում, բոլորը սկսում են զանգահարել ձեր մտերիմներին՝ մտածելով, որ դուք սպանվել եք»՝ ասում է նա: Հայրը ցանկանում է իմանալ՝ ե՞րբ է վերադառնալու ապաստարան, արդեն մութն ընկնում է: Ծնողները ամեն օր Լիկային խնդրում են Երևան գնալ: Պատերազմի առաջին օրերին հայրը հապճեպ հավաքեց նրա պայուսակը՝ նույնիսկ չհարցնելով նրա կարծիքը և հույս ունենալով, որ անմիջապես կմեկնի: «Ամեն անգամ ես հրաժարվում եմ: Ոչ այն պատճառով, որ օգուտ եմ տեսնում իմ պատմություններից Ստեփանակերտի մասին, ինչպես կարող եմ հեռանալ, երբ եղբայրս ու սիրածս տղան կռվում են: Դա կնշանակի նրանց լքել»: Լիկան տագնապում է բոլոր տղամարդկանց համար, որ պաշտպանում են Լեռնային Ղարաբաղը առաջնագծում: «Նրանցից քչերն են զինվոր, ճիշտն ասած՝ նույնիսկ հասուն տղամարդիկ, հիմնականում 18 տարեկան տղաներ են»: Նրանք իրենց անվանում են հայրենասեր, բայց գտնում են, որ «պատերազմը պետք է կանգ առնի», իսկ «երկրները պետք է միմյանց հետ խոսեն, նույնիսկ եթե բանակցությունները ամիսներ կամ տարիներ տևեն»: Նա շունչ է քաշում ասես, գլուխը պտտվում է կամ պատերազմի մասին միտքը դեռ դժվար է հասկանալ: «Ինչու՞ են նրանք զոհվում: Մի քանի խրամատի համար, մի քանի կիլոմետրի՞: Պատերազմը չի կարող լուծել գլխավոր խնդիրը»:
Ռեմի Ուրդան, Le Monde


Հ.Գ. Փաստորեն՝ կարող են արտասահմանյան թերթերը գրել Արցախի մասին, ու արձանագրել, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, իսկ Արցախը «անջատողական հայերի» անկլավ չէ Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ տեսաուղերձում ասել է, թե ռազմական գործողությունները կշարունակվեն, քանի դեռ Հայաստանը դուրս չի բերել զինված ուժերը Լեռնային Ղարաբաղից։ Նա ասել է՝ քանի դեռ ուշ չէ, Հայաստանը պետք է հայտարարի իր զորքերը դուրս բերելու մասին, որից հետո ռազմական գործողությունները կարող են դադարեցվել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում՝ Բաքուն նորից կրակում է Էրդողանի հրամանով: Իսկ մերոնք նորից գրոհում են: Ու մենք հաղթելու ենք։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11116

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ